

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար Աստվածորդին Իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահը ճաշակեց։ Աստվածորդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետևորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը։ Մահվան թվացյալ հաղթության տագնապի մեջ, սակայն, մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. 24.6)։ Այս ցնծալի ավետիսը, արդարև, հաղթերգն է Քրիստոսի փրկչական առաքելության։ Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հրաշափառ Հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և Իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության՝ ըստ Իր կենարար խոստման. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ Բարու, խավարի դեմ Լույսի, մահվան դեմ Կյանքի պայքար, որ պսակվեց Հարության փառապանծ հաղթանակով։ «Ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55),- քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստվածորդու Հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։